Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
ПолитикаԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ եվրոպական այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Համապատասխան հրապարակումը նա կատարել է Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը Հունգարիայի վարչապետին անվանել է ուժեղ առաջնորդ, ով ապացուցել է, որ հասնում է ֆենոմենալ արդյունքների։
«Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիայի պաշտպանության, տնտեսության աճի, աշխատատեղերի ստեղծման, առևտրի խթանման, անօրինական ներգաղթի դեմ պայքարի և օրենք ու կարգի պահպանման ուղղությամբ»,- նշել է Թրամփը, ում խոսքով՝ ԱՄՆ-ի և Հունգարիայի հարաբերությունները նոր բարձունքների են հասել։
«Ես հպարտ էի աջակցել Վիկտորին 2022 թվականի նրա վերընտրվելու ժամանակ, և ինձ համար պատիվ է դա անել կրկին: Օրբանը երբեք հուսախաբ չի անի հունգար ժողովրդին»,- ընդգծել է Թրամփը։
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին։ Օրբանի գլխավորած իշխող «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը պայքարում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության դեմ, որի առաջնորդ Պետեր Մադյարը վայելում է ԵՄ ղեկավարության աջակցությունը։