Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի
ПолитикаԱդրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա բուժման ինտենսիվ սեանս է անցնում, ապաքինման պրոցեսում է և առաջիկայում կվերադառնա շարք»,- ասաց Պողոսյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: