Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեն այցելել է Հայ զինվորի տուն
ОбществоՖրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու կենտրոնի աշխատակիցը հյուրերին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել առկա ժամանակակից սարքավորումները, որոնք նպաստում են վիրավոր զինծառայողների արդյունավետ վերականգնմանն ու լիարժեք ապաքինմանը:
Ֆրանսիայի Սենատի անդամին ներկայացվել է Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։
Բարեկամ երկրից՝ Ֆրանսիայից, ժամանած հյուրերը տեղեկացել են, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
Սենատի անդամ Ստեֆան Ռավիեին տեղեկացվել է նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան (1988-1994 թթ.) առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան (2016 թ.) և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:
Ֆրանսիայի սենատոր Ստեֆան Ռավիեն տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Սենատի անդամին հաճելիորեն զարմացրել է նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի սենատի անդամ Ստեֆան Ռավիեն վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։