Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է
ОбществоԺամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք հավերժացան՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Տիգրանը ծնողների կողմից 5 տարվա սպասված երեխա է եղել: Նա ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում, մանկուց շատ աշխույժ ու ժպտերես երեխա էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է Տիգրանի քույրը՝ Էլեն Արշակյանը, որը չմոռացավ շեշտել նաև Տիգրանի խիստ, բայց և միևնույն ժամանակ հոգատար եղբայր լինելը. «Բնավորությամբ մի քիչ բռնկվող էր, քույրերի հետ մի քիչ խիստ, ուշադիր, բայց տեղն եկած պահին միշտ ընտանիքի ու ընկերների կողքին էր»,- ասաց Տիգրանի քույրը։
Էլենը եղբոր մասին պատմելիս՝ նշեց, որ չնայած Տիգրանը լավ է սովորել միայն մինչև 5-րդ դասարանը, բայց մշտապես շատ լավ հարաբերությունների մեջ է եղել ուսուցիչների հետ. «Տիգրանը սիրված էր ոչ միայն ուսուցիչների կողմից, այլև ընկերների: Շրջապատում իրեն զգոն ու լուրջ էր պահում, գիտեր՝ որտեղ, ինչ խոսի: Անչափ մարդամոտ ու մարդասեր էր: Ազատ ժամանակ շատ էր սիրում գյուղի բոլոր բարեկամներին հերթով այցելել» ,- ընդգծեց Էլենը:
Վերջինիս խոսքերով Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելու կապակցությամբ, նա հպարտ էր դրանով. «Այնքան էր շտապում գնալ բանակ, հիշում եմ՝ բանակ գնալու օրը, երբ լացում էինք, փաթաթվեց ինձ ու ասաց՝ էդ երկու տարին ա, կծառայեմ գիքամ էլի, մի‘ լաց:
Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր. «Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ» ,- ասաց մեր զրուցակիցը:
Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր նպատակներին ու երազանքներին, ավաղ, պատերազմը փոխեց շատերի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Օրեր շարունակ պայքարում էր հանուն հայրենիքի պաշտպանության, ցավոք, վերջին շնչով կարողանում է պաշտպանել հայրենիքը. «Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս: Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է» ,- ասաց Էլենը:
Իսկ վերջում Էլենը նշեց, որ երբ մայրը այցելել էր Տիգրանին տեսակցելու, թեև ինքը կոմայի մեջ էր, բայց և լսում և հասկանում մայրիկի ամեն ասածը. «Մայրիկս, երբ գնացել էր Տիգրանի մոտ, խոսել էր հետը ու հանկարծ նկատել, որ Տիգրանի աչքերից արցունք է գալիս: Մայրս փարատվեց նրանով, որ գոնե տղան վերջին անգամ լսել է իրեն»,- եզրափակեց Էլեն Արշակյանը: