Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակչի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է
ОбществоԱդրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները նշված բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։
Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակիչ 1957 թ. ծնված Գևորգ Վարդանյանի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է:
Հարևան 8-ամյա Աշոտը պատմում էր, որ համագյուղացին վերջերս էր վերադարձել Արցախից և երեկոյան հարևանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ մի փոքր հանգստանալու։ Ժամը 21:30-ին լսված պայթյունի ձայնից հարևանները վազել են բակ և հայտնաբերել անօդաչու թռչող սարքի հարվածից արդեն ավերված զոհված Գևորգի տունը:
Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթևեկելի հատվածները։ Մեծ Մասրիկի ևս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք և այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Թշնամու հրթիռակոծման ալիքներից կոտրվել են նաև Սոթք գյուղի դպրոցի պատուհանները: Նույն գյուղի ծանր վիրավորում ստացած 14-ամյա Նարեկի վիճակը թեև արդեն կայուն է, բայց նրա ավագ եղբայրը հիշում է՝ ինչպես են կարտոֆիլի դաշտում, բերքահավաքի պահին, նկատել անօդաչու թռչող սարքը։ Պատանիներն ու նրանց հայրը փորձել են փախչել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել Նարեկը։
Անկախ այժմ էլ առկա վտանգից Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ «Կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի».- պնդում են տեղացիները։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ