«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրը
Միջազգային անվտանգության համակարգն այսօր խորը տրանսֆորմացիա է ապրում: Նման պայմաններում չափազանց կարևոր է տիրապետել ինչպես պաշտպանական, այնպես էլ դիվանագիտական ներուժի, որպեսզի հնարավոր լինի դիմակայել մարտահրավերներին և զբաղեցնել սեփական տեղն արևի տակ: Առաջիկա տասնամյակը կորոշի, թե որ երկիրը և որ ժողովուրդը կկարողանան անել դա: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ բացելով կուսակցության կողմից կազմակերպված «Ջերմուկ – 2026» անվտանգության միջազգային համաժողովը
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ», - վստահեցրել է նա։ Կարապետյանի խոսքով՝ անվտանգությունը միշտ էլ առաջնահերթություն է եղել Հայաստանի ժողովրդի համար, սակայն այսօր այն խաթարված է, և Ջերմուկը դրա վառ ապացույցն է. համաժողովի անցկացման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ երկրի ինքնիշխան տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր:
Ընդդիմադիր գործիչը տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի օր առաջ ներկայացվել է անվտանգության ոլորտում Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը՝ հիշեցնելով, որ այն ներառում է վեց առանցքային կետ։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առաջին կետը ենթադրում է ուժեղ դիվանագիտության առկայություն, որը պետք է Հայաստանի համար ապահովի երկարատև խաղաղություն։ Ծրագրի կարևոր ասպեկտներից է նաև բանակի խորը տրանսֆորմացիան՝ ուժեղ բանակի ստեղծումը և պաշտպանական համակարգերի ավտոմատացումը։ «Երրորդ՝ պաշտպանված երկինքը։ Մեր երկիրը տեսել է, մեր պետությունը տեսել է մարտահրավերներ և տեսել է, որ այսօր՝ այս դարաշրջանում երկնքի պաշտպանվածությունը արմատական նշանակություն ունի երկարաժամկետ ապահովության համար՝ թե քաղաքացիական, թե ռազմական ապահովության համար։ Եվ այստեղ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն մասնագետներին», - վստահեցրել է Նարեկ Կարապետյանը։
Չորրորդ կետը՝ «խելացի սահմանների» ստեղծումն է։ «Այսօր Հայաստանում շատ են խոսում են խելացի տարբեր բաների մասին, երբեմն խելացի անասնագոմերի մասին, բայց մոռանում են, որ մեր սահմանները մեծամասամբ 20-րդ դարի սահմաններ են հիշեցնում։ Իրականությունը այնպիսին է, որ տասնյակ հազարավոր հայ զինվորներ այսօր սահմանին են և պահում են մեր երկրի անդորրը և որևէ տեխնիկական փոփոխություն նրանց կյանքում չկա։ Զինվորն է դիմակայում առաջին անվտանգային մարտահրավերներին», - ընդգծել է նա՝ բացատրելով, որ կուսակցությունն առաջարկում է մարդկանց փոխարինել տեխնիկական միջոցներով. առաջնագծում պետք է լինեն տեխնոլոգիաները, այլ ոչ թե մարդիկ։
«Մեր առաջարկը լինելու է փոխարինել դա տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գիծը պետք է տեխնիկական միջոցները լինեն, ոչ թե զինվորները։ Այդտեղ մենք ունենք առաջարկ, ունենք թիմակիցներ և հյուրեր, որոնք ունեն համապարփակ առաջարկ՝ Հայաստանի անվտանգային այդ կոնցեպցիան մշակելու համար՝ խելացի սահմանին», - հավելել է նա։
Կարապետյանը նաև նշել է, որ տարբեր ժամանակաշրջանների փորձը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերությունը առանցքային դեր է խաղում պետության անվտանգության ապահովման գործում, իսկ դրա բացակայությունը լուրջ խնդիր է: Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամի՝ Հայաստանը, որպես էական ռազմական բաղադրիչ ունեցող երկիր, կարող է իրեն թույլ տալ սեփական պաշտպանական արդյունաբերությունը, պարզապես անհրաժեշտ է այլ մոտեցում
«Սա է մեր ծրագիրը՝ ռազմական արդյունաբերության, «խելացի սահմաններ», ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ և, ամենաառաջինը՝ իհարկե, ուժեղ դիվանագիտություն», - հայտարարել է նա՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ծրագրի իրականացման մեկնարկը տրվել է հենց սահմանամերձ դարձած Ջերմուկում: «Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները հրատապ են։ Մենք սպասելու ժամանակ չունենք և սկսում ենք գործել հենց այսօր՝ առաջին քայլերն անելով ուժեղ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։