Ռազմադաշտում դիակների հետ կապված վիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ ինչ են գրանցել տեսագրող սարքերը
ОбществоՇրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար եւ բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային եւ բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաեւ կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետեւանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։ Կործանարար է ազդեցությունը նաեւ տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի եւ կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաեւ 4 տեսակ ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաեւ բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ եւ անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սեւ եւ գրիֆոնի անգղերը եւ այլն: Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու եւ դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար եւ բնապահպանական աղետները: