Վանաձորում կրակոցներ են հնչել. կան բերման ենթարկվածներ
Երեկ՝ մայիսի 14-ին, ժամը 13:45-ի սահմաններում Վանաձորի Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 47-ամյա Տիգրան Մելքոնյանը, 38-ամյա Ռոման Գրիգորյանը, 33-ամյա Լևոն Զուլոյանը, 34-ամյա Անուշավան Զաքարյանը, 41-ամյա Դավիթ Ավետիքյանը, 31-ամյա Վլադիմիր Հարությունյանը, դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց: Վիճաբանության ժամանակ մասնակիցներից Վ. Հարությունյանը իր մոտ գտնվող, դեռևս չպարզված տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խախտելով նաև հասարակական կարգը:
Կայքի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են Ռ. Գրիգորյանին և Դ. Ավետիքյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ բերման ենթարկվածներից Դ. Ավետիքյանը Վանաձորում հայտնի է «Գլազ» մականվամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: