«Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին
ПолитикаԱռաջիկա հանգստյան օրերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ծանր աշխատանքի օրեր են լինելու։ Փետրվարի 13-ից 15-ը «Քաղպայմանագրի» շուրջ 1000 պատվիրակներ փակ, գաղտնի քվեարկությամբ ռեյտինգավորում են իրականացնելու՝ պարզելու, թե ովքեր են լինելու ընտրական ցուցակի առաջին շարքերում։ Միևնույն ժամանակ պատվիրակները կարող են լինել նաև պատգամավորի թեկնածուներ։
Այս պահի դրությամբ կուսակցությունն ունի 279 հաստատված պատգամավորի թեկնածու, և առաջին փուլում կընտրեն ընտրական ցուցակում ներառվածներին։ Մեկ ամիս անց էլ ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները ևս մեկ անգամ կռեյտինգավորվեն, և այդ ժամանակ կորոշվի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում հակված են ընտրական ցուցակում ընդգրկել 200 պատգամավորի թեկնածուի՝ մաքրելով ընտրական ցուցակը։ Ամենից տարօրինակը վարչապետի թեկնածու որոշելու ՔՊ հերթական շոուն է։
Բնականաբար, որևէ կասկած չկա, որ առաջին տեղում հենց Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Ավելին, շաբաթավերջին կայանալիք այդ ռեյտինգավորման գործընթացի համար պատվիրակների մեծ մասին ցուցակներ են տրամադրելու, թե ինչպես պիտի իրականացնեն ընտրությունը և ովքեր լինեն հիմնական տեղերում։ Փաշինյանը հակված է գործող խմբակցության կազմից շատերին հեռացնելու, նրանց փոխարեն տարբեր անձանց՝ երիտասարդների, դերասանների, երգիչների ներգրավելու՝ այդ կերպ խմբակցությունն ավելի վերահսկելի դարձնելու համար։
Մանե Գասպարյան