Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից
ПолитикаԱդրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Միլանում երեկ մեկնարկած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ՝ պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։
Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե «Արցախ» արտահայտությունն արտացոլում է Հայաստանի «անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։
«Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին»,– պնդում է Ադրբեջանի ԱՕԿ-ը։ Ադրբեջանը վաղուց է նյարդայնանում «Արցախ» բառը լսելուց։ 2020 թվականից հետո Հայաստանի գործող իշխանություններն էլ ամեն ինչ անում են «Արցախ» բառը հանրային շրջանառությունից հանելու համար՝ փոխարենը օգտագործելով «Ղարաբաղ» տեղանունը։ Նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն է այլևս սկսել չբավարարել Բաքվին։
Այս պարագայում առայժմ հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի համապատասխան նախարարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի պահանջին։ Նույն ձմեռային մարզաձևերի շրջանակում շաբաթներ առաջ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում փակել էր իր կրծքին գրված «Ադրբեջան» բառը, ինչից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քննադատություն էր հնչեցրել հայ մարզիկի հասցեին։
Միքայելյանը հիմա էլ մասնակցում է ձմեռային Օլիմպիական խաղերին, իսկ հակառակորդ պետությունն ամեն ինչ փորձում է անել «Արցախ» բառը միջազգային շրջանառությունից հանելու ուղղությամբ, և բնական է, որ Օլիմպիական խաղերը չէին կարող բացառություն լինել։ Ըստ ամենայնի, իշխանությունները որևէ կերպ չեն աջակցի հայ գեղասահորդներին, ավելին՝ հնարավոր է պահանջեն փոխել երաժշտությունը։
Աննա Մարգարյան