Ընդդիմադիր գործիչները՝ դատախազության թիրախում
ПолитикаԳլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա կինը, դուստրը և ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն։ Հակոբյանները դատախազություն պետք է ներկայանային այսօր կեսօրին։ Ընդ որում, Հակոբյանները միակը չեն, որոնց հրավիրել են դատախազություն։ Երեկ հայտնի դարձավ, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հակոբյանը, որի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել և նրան հրավիրել են ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու հայտարարագիր։ Դատախազություն են հրավիրել նաև Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին, նրա հորը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանին և ընտանիքի այլ անդամների։
Մեր տեղեկություններով, դատախազության հրավիրյալները այսքանը չեն, առաջիկայում այլ ընդդիմադիր գործիչների ևս հրավիրելու են։ Իշխանությունները ցանկանում են նոր շոու նախաձեռնել տարվա սկզբին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հարվածել ընդդիմադիր կուսակցություններին, ցույց տալ, թե իբր նրանք տարիներ շարունակ զբաղվել են թալանով և այժմ ստիպված են վերադարձնել իրենց թալանը։ Ինչպես երևում է հրավիրյալներից, թիրախում առաջին հերթին 2-րդ նախագահի նախկին ու ներկա թիմակիցներն են։
Փաշինյանի գլխացավանքներից երկրորդը հենց Ռոբերտ Քոչարյանի ուժն է, իսկ առաջինը դառնալու լուրջ հնարավորություն ունի «Մեր ձևով» շարժումը, ուստի և Փաշինյանն ամեն գնով փորձում է մաքրել իր ճանապարհը խորհրդարանական ընտրությունների առաջ։
Տաթևիկ Բադալյան