Ոչ մի ոստիկան չպետք է անտարբեր անցնի դիմակ չկրող քաղաքացու մոտով. Նիկոլ Փաշինյան
ПолитикаԱյսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 1 ամսում Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չէր գերազանցում 200-ը, իսկ վերջին երկու օրերին թիվը 200-ից բավականին մեծ է: Վարչապետի խոսքերով այս միտումն անհանգստացնող է:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանիսյանի խոսքերով, թվերի աճը կապ ունի միջդպրոցական ակտիվությամբ, իսկ այն, թե ինչ հետևանք կունենա դպրոցների բացումը, կերևա 2 շաբաթվա ընթացքում:
Փոխնախարարը կոչ արեց բոլորին պահպանել կանոնները, որպեսզի աշնանը թվերի կտրուկ աճ չլինի:
Վարչապետը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք կա՝ դիմակ կրելը. «Մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում: Ոչ մի ոստիկան չպետք է անտարբեր անցնի դիմակ չկրող քաղաքացու մոտով: Իհարկե պետք է քաղաքացիների արժանապատվությունը պահպանվի: Երեկ ԱԺ-ում ասում էին, որ քիթը բաց լինելու համար էլ են տուգանում: Կներեք, բայց այդ վարակը քթով էլ է անցնում: Դիմակը պետք է կրել այնպես, որ քիթն ու բերանը փակ լինեն»: