Շուկայում թունավոր ալկոգելի լուրերի հետքերով. Պարզաբանում՝ տեսչական մարմնից
Օրեր առաջ Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու հետևանքով մահվան դեպքեր գրանցվեցին:
Ավելի ուշ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրեց վերոնշյալ օղու փորձաքննության արդյունքները, որը հաստատեց թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը` օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:
Ավելի ուշ Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել և մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թույն է, որի հակաթույնը չկա: Ամեն դեպքում այդպես էր ներկայացնում լրատվամիջոցը, որը տարածել էր նյութը:
Analitik.am-ի հետ զրույցում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանն ասաց, որ տիկին Մալխասյանը բառացի այդպես չի նշել. «Նամակով դիմել ենք Իրինա Մալխասյանին և ինքը հերքել է, որ նման հայտարարություն է արել»:
Ինչ վերաբերում է մասնավորապես ալկոգելի շուկայի վերահսկողությանը և տարվող աշխատանքներին, Պետրոսյանն ասաց, որ այս պահին ուսումնասիրություն է ընթանում, արդեն 1-2 օրից՝ վերջնական արդյունքները լինելուց հետո, հայտարարությամբ հանդես կգան:
Ալկոգելի շուկայում ստուգումներ իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Պետրոսյանն ինֆորմացիա չփոխանցեց՝ ասելով, որ ամփոփելուց և հստակեցնելուց հետո կարող է խոսել այդ մասին:
Օֆելի Իսրայելյան