Իտալիայում ամփոփել են Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները
ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է միջազգային ժյուրին՝ դերասանուհի Քեյթ Բլանշետի գլխավորությամբ:
«Նոմադլենդը» փաստավավերագրական ժապավեն է ԱՄՆ-ում «նոր քոչվորների» մասին, մարդկանց, որոնք ապրում են փողոցներում: Ֆիլմը սկզբից ևեթ համարվում էր մրցույթի ֆավորիտը:
Ո՛չ ռեժիսորը, ո՛չ գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս Մակդորմանդը չէին ժամանել Վենետիկ: Ֆիլմի ցուցադրության օրը նրանք տեսակամրջով էին միացել ասուլիսին:
Ճապոնացի ռեժիսոր Կիյոսի Կուրասավայի «Լրտեսի կինը» ֆիլմն արժանացել է «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Մրցույթի հիմնական ծրագրում 18 ֆիլմ էր առաջադրվել: