Այսօրվանից Բերդկունք (Իշխանաց բերդ) ամրոցում մեկնարկել է հնագիտական պեղումների երկրորդ փուլը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից նշում են, որ խնդիր է դրված բացել արևելյան պարսպագծի հյուսիսային հատվածը` ներսից, արևելյան և արևմտյան պարսպագծերի միջև նկատվող պարսպագծի հետ կապված մանրամասներ ճշտել։ Այն ենթադրաբար հյուսիսում փակել է ամրոցը՝ դարձնելով առանձին ամրաշինական կառույց` դղյակ։
Պեղումները հնարավորություն կտան բացահայտելու մանրամասներ՝ ինչի համար է ծառայել ամրոցը, ինչպես է կազմակերպվել կյանքն ամրոցի ներսում ևլն։ Այս պահին ընթանում են տարածքի մաքրման և նախապատրաստական այլ աշխատանքներ։
Պեղումները շարունակվելու են մոտ 20 օր և իրականացվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի կողմից (Լ․ Ալեքսանյան, Լ․ Մկրտչյան)։
Պեղումները հաջողությամբ ավարտելուց հետո իրականացվելու է Բերդկունք ամրոցի և կից կառույցների ամրակայում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում։ Նախագիծը մշակվում է (ճարտարապետ Լ․ Վասիլյան)։
ՊՈԱԿ-ից հիշեցնում են, որ պեղումների առաջին փուլն իրականացվել էր 2024թ․ ապրիլ-հունիս ամիսներին։ Պեղումների արդյունքում բացահայտվել են ամրոցին առնչվող ճարտարապետական կարևոր մանրամասներ, հայտնաբերվել են նյութական ժառանգության արտեֆակտներ (ապակուց ապարանջանի բեկորներ, միջնադարյան 12-14-րդ դդ․ թվագրվող ջնարակապատ և հասարակ խեցեղեն ու վանակատե ցլեպներ, մեծաքանակ կենդանական մնացորդներ)։