«Հայրենիք»-ը՝ ՀՀ ներքաղաքական դաշտի առանցքային գործոն
Политика«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ մարզային կառույցներն ու «Հայրենիք»-ի շարքերը համալրող քաղաքացիներն օր օրի ավելանում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
«Այսօր «Հայրենիք»-ը կուսակցաշինական եռուն փուլում է։ Մենք ունենք թե՛ կադրային, թե՛ մտավոր, և թե՛ նյութական այն ռեսուրսը, որով կարող ենք կազմակերպել ցանկացած գործընթաց»,- նշել է Վանեցյանը։
Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ «Հայրենիք»-ի ղեկավարն ասաց, որ իր ղեկավարած քաղաքական ուժն այսօր ունի մեկ օրակարգ՝ «օր առաջ ազատվել ապաշնորհ իշխանություններից»։
«Հայրենիք»-ի կուսակցական, քաղաքական ակտիվությունն անհանգստացնում է ՀՀ իշխանություններին, իսկ Վանեցյանի անձնական մեծ վարկանիշն ու ժողովրդի համակրանքը անքուն գիշերն են պարգևում իմքայլականների վերին էշելոններին:
Անգամ ֆեյքերի ֆաբրիկան ու սոցցանցերում կեղտոտ հակաքարոզչությունն ու նրանց մակարդակի սև պիառը անզոր են կանգնեցնել քաղաքական նոր, ազգային, պահպանողական ուժի կայացումն ու աճը: Կուսակցությունն այլևս իր ուրույն տեղն ունի ՀՀ ներքաղաքական ներկապնակում ու առաջնորդելու է կարևորագույն քաղաքական գործընթացները:
Վանեցյանի մեսիջը թե՛ ընդդիմության մյուս գործընկերներին, թե՛ ամենակարևորը՝ հայ ժողովրդին այն է, որ կուսակցությունը գլխավորելու է ՀՀ ապաշնորհ, բոլոր ոլորտներում ձախողված իշխանության հեռացման՝իշխանափոխության բարդ, սակայն շատ պատասխանատու գործընթացը: Մյուս հայրենասեր ուժերը պետք է համախմբեն իրենց ռեսուրսներն ու ընդհանուր պայքարը ստանա ավելի մեծ մաշտաբներ ու արդյունավետություն: