2021-ի հուլիսի 1-ից վարորդները պետք է ճանապարհային վճար վճարեն
ОбществоՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Այս մասին iPress.am-ը տեղեկանում է e-draft տեղեկատվական համակարգից:
Օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Այսպիսով՝ առաջարկի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է՝ բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները այլընտրանքային ճանապարհներ են:
ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները նույնպես վճարում են ճանապարհային վճար:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը: