Ցերեկային քունը կարող է մահացու վտանգավոր լինել․ հետազոտություն
ВидеоՄեկ ժամ եւ ավելի տեւողությամբ ցերեկային քունը կարող է մահացու վտանգավոր լինել։ Այս մասին նախազգուշացնում են Գուանչժոուի բժշկական համալսարանի չինացի գիտնականները։
MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ վերոնշյալ հետազոտողները ունեցած տվյալներն ընդհանրացրել են՝ նիրհելու եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության միջեւ փոխկապվածությունը գնահատելու համար։ Վերլուծության մեջ ներառվել է ավելի քան 20 գիտական աշխատանքներից 313 651 մասնակից։ Ընդ որում՝ մարդկանց մոտ 39 տոկոսը, որոնց տվյալները մտցվել են հետազոտության մեջ, հաճախ են նիրհել։
Պարզվել է, որ երկարատեւ ցերեկային քունը (մեկ ժամից ավելի) կապված էր բոլոր պատճառներից մահվան հավանականության 30 տոկոսով եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության 34 տոկոսով մեծացման հետ։ Երբ ուշադրության էր առնվում գիշերային քունը, ցերեկային երկարատեւ քունը մահվան մեծ հավանականության հետ կապված էր միայն նրանց դեպքում, ովքեր օրական քնում էին 6 ժամից ավելի։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ընդհանրապես ցանկացած տեւողության ցերեկային քունը կապված է մահվան հավանականության 19 տոկոսով մեծացման հետ։ Հականշական է, որ կապն ավելի արտահայտված է կանանց մոտ, որոնց շրջանում ցերեկային քնից հետո մահվան հավանականությունը 22 տոկոսով բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր չեն քնել, ինչպես նաեւ ավագ տարիքի մարդկանց շրջանում, որոնց դեպքում քնի ժամանակ հավանականությունը մեծանում էր 17 տոկոսով։ Ընդ որում՝ 60 րոպեից պակաս տեւողությամբ կարճատեւ քունը առողջության համար վտանգավոր չէր եւ կարող էր բարելավել նրանց սիրտ-անոթային համակարգի վիճակը, ովքեր գիշերը վատ են քնում։