Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել (տեսանյութ)
ОбществоԱպրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։ 62-ամյա տղամարդու դին զննվել է. քիթը կոտրված է եղել, գանգուղեղային վնասվածքներ է ունեցել։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։ Նա պարբերաբար զանգել էր հորը. վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանել, գնացել և տեսել էր, որ մահացած է։ Էրեբունու քրեական հետախույզները պ արզել են այն անձանց շրջանակը, որոնց հետ սպանվածը կարող էր տարաձայնություններ ունենալ։ Պարզել են նաև տարաձայնությունների բնույթը։ Ոստիկանների տեսադաշտում է հայտնվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Դեպքից ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է։ Այն կատարելու մեջ կասկածվող անձը դեպքից երկու օր անց՝ ապրիլի 18-ին, ինքնասպան էր եղել։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր Արին-Բերդի փողոցի կիսակառույց շինություններից մեկում՝ սյունից պարանով կախված։ Տղամարդիկ, որոնք խնամիներ էին, տան հետ կապված տարաձայնություններ էին ունեցել։ Հերթական պարզաբանման ժամանակ 59-ամյա տղամարդը բութ գործիքով հարվածել էր 62-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մահ, ինչից հետո ապրիլի 18-ին կախվել էր։ Ներկայացվածն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։