«Նա երբեք չի փոխվի, դրանք պարզապես բառեր են»․ Թրամփը Բայդենին մեղադրել է 47 տարի շարունակ դրսևորած անգործության համար
ПолитикаԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին մեղադրել է քաղաքականության մեջ գտնվելու տարիների ընթացքում դրսևորած անգործության համար։
«47 տարվա ընթացքում Ջոն ոչինչ չի արել, ինչի մասին հիմա խոսում է։ Նա երբեք չի փոխվի, դրանք պարզապես բառեր են»,- Դեմոկրատական կուսակցության համագումարում Բայդենի ելույթից հետո Twitter-ում գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության վիրտուալ համագումարի ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ իր նախագահության ընթացքում երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը»։
«Մարդկանց լույս տվեք, և նրանք կգտնեն իրենց ուղին։ Այս խոսքերը վերաբերում են նաև մեր ժամանակներին։ Ներկայիս նախագահն արդեն երկար ժամանակ է՝ Ամերիկան խավարի մեջ է թաղել։ Չափից շատ ագրեսիա, վախ, տարանջատում։ Այստեղ և հիմա ես ձեզ խոսք եմ տալիս. եթե դուք ինձ վստահեք նախագահի պաշտոնը, ես կհիմնվեմ մեր լավ կողմերի, այլ ոչ թե վատի վրա, ես կլինեմ լույսի և ոչ թե խավարի դաշնակիցը։ Եկել է բոլորիս համար համախմբվելու ժամանակը, և բոլորս միասին կարող ենք և անպայման կհաղթահարենք Ամերիկայի խավարի այս դարաշրջանը»,- ասել էր Բայդենը։
Բայդենը Դելավեր նահանգից սենատոր է եղել 1973-2009 թվականներին, իսկ 2009-2017 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։