«Գարդենիա». առաջնախաղ բաց երկնքի տակ
КультураԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում օգոստոսի 20-ին բաց երկնքի տակ կկայանա առաջնախաղ:
Այս մասին հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից:
«Հանդիսատեսի դատին կհանձնվի լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա» պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) բեմադրությունը, որի բեմադրիչն է Գոռ Մարգարյանը:
Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա»,- հայտնում են Ռուսական թատրոնից:։
Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստուհի Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը: Նկարչական ձևավորման ու զգեստների հեղինակն է Նելլի Բարսեղյանը, երաժշտական ձևավորմանը` Գոռ Մարգարյանը:
Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Օգոստոսի 20-ին նա կդառնար 84 տարեկան:
Ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր տարիքի հանդիսականների համար: Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները: