Նշվել են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչներին վաղաժամ ծերացում է սպառնում
ВидеоՍարկոպենիա անվանումով հիվանդությունը, որի զոհերի մոտ ախտորոշվում է մկանային զանգվածի կորուստ եւ ընդհանուր քրոնիկ հոգնածություն, սրընթաց «երիտասարդանում է»՝ այսօր այն սպառնում է ոչ միայն ծերերին, այլեւ համեմատաբար երիտասարդներին, ովքեր վարում են հիմնականում նստակյաց կամ ընդհանրապես պառկած ապրելակերպ, գրում է Planet Today-ը:
Այն մասնագիտությունների մասին, որոնց ներկայացուցիչներին սպառնում են ծերունական հիվանդությունները, պատմել է բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի կլինիկայի մասնագետ, «Դոկտոր Պավլովա» հեռուստաալիքի հեղինակ եւ վարող Զուխրա Պավլովան:
Մարդու օրգանիզմը, ինչպես նշել է Պավլովան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում հարմարվել է ուղիղ կեցվածքին եւ մշտական շարժմանը: Այսինքն, բնությունը հոգացել է, որպեսզի մենք կարողանանք առավելագույն ժամանակ անցկացնել ոտքերի վրա՝ հանգստանալով միայն քնի ժամանակ:
Ժամանակակից աշխարհի պայմաններում ի հայտ է եկել շատ մարդկանց համար արդիական այնպիսի խնդիր, ինչպիսին է ֆիզիկական ակտիվության պակասը: Հատկապես ծանր դեպքերում այն կարող է հանգեցնել սարկոպենիայի զարգացման:
«Այժմ հայտնվել է նոր ախտորոշում` պրեսարոկոպենիա: Սա այն վիճակի անվանումն է, երբ 40-50 տարեկան համեմատաբար երիտասարդ մարդկանց մոտ զարգանում են ծերունական սարկոպենիային բնորոշ ախտանիշներ, մասնավորապես՝ մկանների զանգվածի նվազում, մարմնի ընդհանուր զանգվածում ճարպի տոկոսի բարձրացում, հոգնածություն, ընդհանուր պասիվություն եւ այլն: Ռիսկի խմբում են բժիշկները, ուսուցիչները, գրասենյակի աշխատողները, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնց բնորոշ է նստակյաց ապրելակերպը»,- պարզաբանել է բժիշկը: