ԱԱԾ-ն խոշոր գումարների յուրացման նոր դեպք է բացահայտել
ПолитикаՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում:
Այնուհետև, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել և վավերացրել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ:
Այնուհետև, տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ, ներկայացրել են վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59.062.904 ՀՀ դրամի գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։