Ինչ որոշում է կայացրել Պուտինը
ПолитикаԼուկաշենկոն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է Ռուսաստանի հնարավոր օգնության հարցը Բելառուսում արտաքին միջամտության դեպքում:
Միեւնույն ժամանակ, մինչ Պուտինի հետ հեռախոսազրույցը Լուկաշենկոն հայտարարել էր, ինչ կատարվում է Բելառուսում, միայն Բելառուսի հարցը չէ: Ըստ նրա, այստեղ ՌԴ-Բելառուս Դաշնային պետության անվտանգության հարցն է, քանի որ շարունակությունը լինելու է Ռուսաստանում:
Պուտինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, խոստացել է օգնել ՀԱՊԿ շրջանակում: ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսվում է, որ կազմակերպությունը կարող է միջամտել անդամ-երկրների դեմ արտաքին ագրեսիայի կամ երկրի ներքին գործերին միջամտելու, Սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում: Ի դեպ, ՀԱՊԿ կանոնադրության մեջ վերջերս կատարված փոփոխությամբ նախատեսվում է, որ կազմակերպության միջամտության համար պարտադիր չէ բոլոր անդամների համաձայնությունը:
Պուտինն այսպիսով առաջ է քաշում ՀԱՊԿ-ը, թեեւ թե Միութենական պետության, թե Բելառուսի հետ ռազմքաղաքական պայմանագրերով լիարժեք իրավական հիմքեր կան Ռուսաստանի գործողությունների համար:
Լուկաշենկոն վերջին օրերին խոսում է Բելառուսի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, արտաքին միջամտության մասին: Ավելին, զորավարժություններ է սկսել Լիտվայի հետ սահմանին, հայտարարելով, թե նկատվում են ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումներ:
Լուկաշենկոն մինչ ընտրությունները բացահայտ հայտարարում էր, որ Բելառուսի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը գալիս է Մոսկվայից, որը ցանկանում է կլանել Բելառուսը միութենական պետության շրջանակներում առավել սերտ ինտեգրման միջոցով: ՀիմաԼուկաշենկոն փոխել է սպառնալիքի ուղղությունը, թեեւ ոչ մի երկիր Բելառուսին չի սպառնում, առաջին հերթին հենց Ռուսաստանի հնարավոր միջամտությունը նկատի առնելով:
Լուկաշենկոն իհարկե այս հայտարարություններն անում է իշխանության մնալու համար, իսկ արտաքին սպառնալիքը նրա տիպի ղեկավարների վերջին «փաստարկն» է:
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Կրեմլը: Ըստ փորձագետների, այստեղ երկիմաստ իրավիճակ է, եւ հիմնականում քննարկվում է երկու սցենար: Կոշտ գծի կողմնակիցները պահանջում են ուժային միջամտություն, այդ թվում հնարավոր է համարվում ներքին հեղաշրջման տարբերակը, Լուկաշենկոյին Բելառուսի հանրության ու Մոսկվայի համար ընդունելի թեկնածուով փոխարինելով:
Մյուս տարբերակը լեգիտիմությունից զուրկ եւ սեփական ժողովրդի դեմ դուրս եկած Լուկաշենկոյի ռեժիմի պահպանումն է, որը ստիպված է լինելու կատարել Մոսկվայի բոլոր հրամանները, այդ թվում՝ Բելառուսի ինկորպորացիայի ծրագրերի մասով:
Ըստ փորձագետների, Կրեմլում մտածում են նաեւ այնպիսի սցենարների մասին, որոնք կարող են Արեւմուտքի հետ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները հանելու կամ մեղմացնելու հնարավորություն ընձեռել: Շատերը այս մտադրության հետ են կապում վերջին շրջանում արտաքին սպառնալիքների եւ Ռուսաստանի ռազմական հնարավոր միջամտության վերաբերյալ խոսակցությունների գեներացումը:
Ի՞նչ որոշում է կայացրել Պուտինը, որի համար Բելառուսը «գեոպոլիտիկ աղետի» համար ռեւանշի հասնելու կարեւորագույն հանգույցն է: