Ցավալի լուր. մահացել է Իգիթ Ղարիբյանը
ОбществоԿյանքի 83-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է ԵՊՀ վաստակաշատ դասախոս, հնագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Գարեգինի Ղարիբյանը:
Ի. Ղարիբյանը ծնվել է 1937 թ. դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումներըե թեմայով: 1972 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1996 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը) թեմայով: 1968 թվականից դասավանդում էր Երևանի պետական համալսարանում:
2001-2005 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2010 թվականը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2005 թվականին նրան շնորհվել էր պրոֆեսորի կոչում:
Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին: Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին: Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70-ից ավելի մենագրությունների և հոդվածների: