ՀՀ-Ղրղզստան հարաբերությունների խորացմանը կծառայի նաև մեր կողմից ստորագրված համագործակցության ծրագիրը. Միրզոյան
Политика«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր,
Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև, իհարկե, անդրադառնալ, վերլուծել, կիսվել միջազգային օրակարգի և տարածաշրջանային օրակարգերի վերջին իրադարձություններով, ընկալումներով։
Հարգելի՛ ներկաներ, մենք այսօրվա քննարկումների ընթացքում հարգարժան նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ մեր երկու երկրների պատրաստակամությունն էականորեն խորացնել մեր հարաբերությունները մի շարք ոլորտներում, որոնք առանձնացրել ենք: Մեր քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է միշտ եղել: Ավանդաբար այնպես է ստացվել, որ մեր շփումները հիմնականում կայացել են բազմակողմ հարթակներում, և, իհարկե, այս տեսանկյունից ևս այս երկկողմ այցը շատ կարևոր է։
Ուզում եմ տեղեկացնել, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը և առաջիկայում կկազմակերպենք այցը։ Ունենք նաև բարձրագույն մակարդակով փոխայցելությունների պլաններ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր մեր կողմից ստորագրված Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թթ համագործակցության ծրագիրը:
Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, իհարկե, էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը: Այստեղ պետք է խոստովանենք, որ այն ներուժը, որն ունի առևտրաշրջանառությունը, իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը, մեր մեջ առկա առևտրաշրջանառությունը, և մենք պլաններ ունենք ինչպես, մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, այնպես էլ, իհարկե, սովորել միմյանցից, օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից, որոնք, իհարկե, Ղրղզստանի պարագայում վերջին տարվա ընթացքում շատ տպավորիչ են: Հայաստանը պատրաստ է, իհարկե, կիսվել իր հնարավորություններով, այդ թվում` նորարարական տեխնոլոգիաների և թվային օրակարգում ունեցած մեր որոշ քայլերով։
Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, էական դեր կարող են խաղալ և էականորեն փոխել իրավիճակը լոգիստիկ նոր ծրագրերը: Ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանը, մենք նոր ջանքեր ենք գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու։ Այս առումով շատ կարևոր, ուշագրավ և հետաքրքիր է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս: Հուսով ենք, որ առաջիկայում այս և մյուս ծրագրերը հնարավորություն կունենան իրականություն դառնալու, ինչպես նաև երկրների, գործարարների, բիզնեսի և հասարակ մարդկանց համար նոր հնարավորություններ կստեղծեն։
Ուզում եմ առանձնացնել ԹՈՒՄՈ կենտրոնը, որի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ինչպես մի շարք երկրներ, մայրաքաղաքներ, քաղաքներ, այնպես էլ ղրղզական համապատասխան գերատեսչությունը:
Գործընկերոջս ներկայացրել եմ մեր տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և, ինչու ոչ, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում:
Վստահ եմ, որ այս այցը կօգնի փոխել մեր հարաբերությունների եթե ոչ որակը, ապա գոնե ինտենսիվությունը, և կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզ այցի համար»: