ԶՊՄԿ-ն մեծ գումար է տրամադրել Սյունիքի բուժհաստատություններին
ОбществоՀայաստանի սահմանապահ և փոքր գյուղերում առողջապահության ապահովումն առանցքային խնդիր է։ Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թ. շուրջ 117 մլն դրամ է տրամադրել մարզի բուժհաստատություններին: Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ բժշկական կենտրոնները կարողանում են հրավիրել մասնագետներ, վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ:
Անցնող տարում ընկերությունը նաև համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում: Կապանի մի քանի գյուղական բնակավայրերը մշտական և լավորակ խմելու ջրով ապահովելու ծրագրում համայնքի մասնաբաժինն ամբողջությամբ հատկացրել է կոմբինատը: Քաջարանում այս տարի հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր, այստեղ էլ ձեռնարկության մասնաբաժինը համայնքի համաներդրման 86 տոկոսն է:
Սոցիալական ծրագրերն ընկերության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Անի Մանուկյան