«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ են ունեցել COAF-ի գալա ընթրիքին՝ մաս կազմելով բարության շղթային
КультураԴեկտեմբերի 14-ին Նյու Յորքում տեղի է ունեցել COAF-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) 21-րդ ամենամյա տոնական գալա ընթրիքը: Այն կրում էր «Սերը գործողության մեջ. հզորացնելով Հայաստանի գյուղական երեխաներին բարգավաճելու համար» խորագիրը։ Ավելի քան 20 տարի COAF-ը բարելավում է կրթությունը, առողջապահությունը և տնտեսական հնարավորությունները Հայաստանի գյուղական համայնքների՝ ավելի քան 100 000 երեխաների և ընտանիքների համար:
Նյու Յորքում կայացած գալա ընթրիքին ելույթ են ունեցել նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարիա Ներսիսյանը: Արտյոմն ու Մարիան մասնակցել են այս միջոցառմանը՝ բարության շղթան շարունակելու համար: Նրանք ցանկանում են մաս կազմել Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող երեխաների կյանքը բարելավվելու հարցում:
Առաջին անգամ չէ, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցում են սոցիալական պատասխանատվության միջոցառումների: Հիմնադրամը կարևորում է սա, քանի որ վստահ է՝ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք դրական արդյունքներ գրանցել Հայաստանի ապագայում:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գերնպատակն իր ստեղծման օրվանից եղել և մնում է Հայաստանի պատանի տաղանդավոր երաժիշտներին բացահայտելը: Այն օգնում է նրանց ձգտել և հասնել իրենց երազանքներին: Հիմնադրամն իր գործունեության առանցքում ունի այն գաղափարը, որ միայն կրթված ու զարգացած սերունդը կարող է ամուր պետության հիմքը դառնալ: Առաջնորդվելով այս գաղափարով՝ այն մեծ ներդրում ունի երաժիշտների կրթության գործում, իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր:
Այս համատեքստում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և COAF-ի համագործակցությունը անասելի համահունչ է, քանի որ երկու հիմնադրամների գործունեությունը միտված է ապագա սերնդի կրթությանն ու զարգացմանը և այս կերպ՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը: