Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում
ПолитикаՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նախարարությունն այցի օրակարգից մանրամասներ չի հաղորդում։ Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը, որ ակտիվացել է 2022 թ.-ից հետո, երբ Հայաստանն ընտրեց արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականություն, բնականաբար պետք է մտահոգեր Ռուսաստանին, ՀԱՊԿ գծով մյուս դաշնակիցներին։
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն երկու անգամ Հայաստանում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Մեկն անցած տարվա սեպտեմբերին էր՝ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողների մասնակցությամբ, մյուսն՝ այս տարվա հուլիսին։
Պապիկյանը նախկինում էլ ԱՄՆ մեկնել էր, իսկ հայ զինվորականները սկսել են պարբերաբար մասնակցել ՆԱՏՕ-ի միջոցառումների, հանդիպումներ ունենալ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ամեն դեպքում, մինչ օրս այդ ռազմական գործակցության ակտիվացումից Հայաստանը պրակտիկ որևէ օգուտ չի ստացել, փոխարենը հասցրել է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ը Հայաստանին զենք չի վաճառում, հատկացվող ռազմական օգնությունն ընդամենը խորհրդանշական փոքր թվեր են, իսկ առաջիկայում խոշոր նախագծեր չեն ենթադրվում։
Պապիկյանի այցն ԱՄՆ, ընդամենը ևս մեկ առիթ է դառնալու Մոսկվայից քննադատություններ լսելու, ոչ ավելին։
Սերինե Կիրակոսյան