Աղազարյանին հանեցին կուսակցությունից
Политика«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Ընդ որում, մանդատը վայր դնելու ապօրինի հրամանը չկատարած պատգամավորին կուսակցությունից հեռացրել են ծիծաղելի և վտանգավոր հիմնավորմամբ՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Աղազարյանը բարոյական նորմեր, իհարկե, խախտել է, երբ ՔՊ անդամ էր։ Մարդը կյանքում մի անգամ որոշեց դիմադրել իրեն մանդատաթափ անելու ապօրինի որոշմանը, հրաժարվեց կատարել Նիկոլ Փաշինյանի կամքը, և նրան մեղադրում են հանրության բարոյական նորմեր խախտելու մեջ։
Ի դեպ, նրան դեռ չեն հեռացրել ՔՊ խմբակցությունից, այսօր-վաղը խմբակցությունն էլ նիստ է գումարելու, հեռացնելու է Աղազարյանին, որից հետո, ըստ ՔՊ մեր աղբյուրի, արդեն հերթը գլխավոր դատախազինն է լինելու։ Առաջինը, կկալանավորեն Աղազարյանի որդուն: Թեպետ ՔՊ-ում որոշ մարդիկ Փաշինյանին ասել են, թե դա լավ չի դիտվի հանրության կողմից, ՔՊ պարագլուխը որոշել է մինչև վերջ պատժել Աղազարյանին, որպեսզի որևէ կուսակցականի մտքով չանցնի դեմ գնալ իր խոսքին։
Իննա Վարդանյան