Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին
ПолитикаԼեհաստանի նախագահի այցը Հայաստան, ըստ էության, ևս մեկ տարր է այն տենդենցի մեջ, որ վերջին շրջանում Արևմուտքն ուզում է ՀՀ իշխանություններին միայնակ չթողնի։ Հնարավորինս շատ այցերի միջոցով օգնեն և վերահսկեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի իր խոստումները, չփախչի դեպի Ռուսաստան։ Բրյուսելում հասկանում են, որ ամենաթեթև ճնշման դեպքում ՀՀ իշխանությունները կարող են թռչել ՌԴ գիրկը, մանավանդ, որ այդպիսի տենդենցները նկատելի են։
Օրեր առաջ Փաշինյանին կանչել էին Հռոմի պապի մոտ, դրանից հետո Հայաստան էին այցելել Գերմանիայի ԱԳ նախարարը, հիմա էլ՝ Անջեյ Դուդան։ Վերջինս ևս զգուշացրել է, որ հակառակ ուղղությամբ քայլ չանի։ Լեհաստանի նախագահը, ըստ մեր աղբյուրների, փորձել է ճշտել գործող իշխանությունների տրամադրությունները, նաև դոսյե է դրել Փաշինյանի դեմ։ Լեհաստանն Արևելյան Եվրոպայում ԱՄՆ գլխավոր հենակետներից մեկն է, իր հակառուսականությամբ մեծ ազդեցություն ունի Արևմուտքում։
Փաշինյանին զգուշացրել են, որ Արևմուտքն աչք է փակում շատ բաների վրա, չի պատժում ՌԴ տարանցման համար։ Հիշեցրել են ոսկու, ադամադների գործերը, նշել, որ Փաշինյանի շրջապատն է ներքաշված այդ գործընթացներում։ Հայաստանից ասել են, որ դժվար է պահել բալանսը, բայց պաշտոնական Երևանը փորձում է պահել դա, հատկապես ՌԴ կոշտ ճնշումների պարագայում։
Ուշագրավ ևս մեկ հանգամանք, Անջեյ Դուդան երեկ փակ հանդիպում է ունեցել մի խումբ փորձագետների հետ, որոնց թվում նաև ռուսամետ հայացքներով հայտնի դեմքեր են եղել։ Թե ինչ է քննարկվել, չի հաղորդվում, բայց հանդիպման փաստն արդեն ինքնին տարօրինակ է։
Էլիզա Գալստյան