«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ
КультураՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Դուբայ: Ակադեմիան անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։
Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Իսկ այն ընձեռողը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն է: Այս ծրագիրը շնորհալի երիտասարդների համար հրաշալի հնարավորություն է մասնակցել հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալ երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր: 2025 թ.-ին Ակադեմիան խոստանում է ոչ միայն վարպետության դասեր երիտասարդական նվագախմբերի, այլև դասընթացներ խմբերգային անսամբլների համար, անհատական վարպետության դասերի շարք տարբեր անվանակարգերում և հատուկ համերգաշար:
Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, ովքեր դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և սովորում են հետևյալ ուղղություններով՝ լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ), փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր:
2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց իրականություն դարձնել իրենց ամենահամարձակ երազանքները: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը կյանքի է կոչել կրթական բազմաթիվ ծրագրեր, կազմակերպել է պատանի երաժիշտների համար կրթական ուղևորություններ արտասահմանյան լավագույն ակադեմիաներ և փառատոններ, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել օգտվել միջազգային մակարդակի դասավանդումից, մասնակցել ճանաչված արտիստների հետ վարպետության դասերի և հանդես եկել հեղինակավոր բեմերում: Հիմնադրամը կարևոր է համարում մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Երաժիշտները և դասավանդողները պետք է օգտագործեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ընձեռած այս հնարավորությունը ոչ միայն գիտելիքներն ու փորձառությունն ավելացնելու, այլև դրանք մեր երկրի ապագայի զարգացման մեջ ներդնելու համար: