Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)
ВидеоԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական լայնածավալ աշխատանք, ինչի արդյունքներից մեկն էլ արձանագրվեց նոյեմբերի 20-ին:
Ժամը 17.30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտնաբերել է 9 ատրճանակ, 9 ինքնաձիգ, որոնցից չորսը` ինքնաշեն, 10 հրացան, որոնցից մեկը` ակոսավոր, մեկը` «Մոսին» տիպի, տարբեր տրամաչափերի 1086 փամփուշտ, 21 նռնակ, 11 պայթուցիչ, 5 դատարկ փամփշտատուփ, պայթուցիկ սարքի նմանվող 2 առարկա, դեղնավուն փոշենման զանգված և այլ զինամթերք:
Կրկին հորդորենք մեր քաղաքացիներին` կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական և օպերատիվ-հետախուզական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է: