Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին
ПолитикаԿեսգիշերային պաշտոնանկությունների օրը մամուլում նաև տեղեկություններ հայտնվեցին առնվազն երկու պատգամավորների մասին։ Նշվում էր, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու պատգամավոր Հովիկ Աղազարյանը վայր են դնելու իրենց մանդատները։
Նարեկ Զեյնալյանը, իսկապես, հենց հաջորդ օրը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Ընդ որում, խորհրդավոր մի տեքստ գրելով, ակնարկներ անելով։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը նրան է առաջադրելու առողջապահության նախարարի պաշտոնում, իսկ Անահիտ Ավանեսյանին պաշտոնազրկելու են։
Հովիկ Աղազարյանը համառորեն հրաժարվում է վայր դնել մանդատը, թեպետ նրա հարցը քննարկել են անգամ ՔՊ վարչությունում։ Աղազարյանը, որի կյանքում պատգամավորի այս կարգավիճակն ամենամեծ նվաճումն է եղել ու լինելու, դեռ վաղուց էր ասել, թե մանդատն օգտագործում է իր հիփոթեքը փակելու համար։ Եվ որոշել է անվճարունակ չդառնալ, նույնիսկ կուսակիցների սպառնալիքների պայմաններում։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հայտարարել է, թե վարչությունն իրավասու չէ իրեն մանդատազրկելու, կարող են միայն հորդորել։ «Վարչությունը կարող է դիմել, որ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք: Երբ պահանջեն, այն ժամանակ կքննարկենք։ Հնարավոր է, որ դնեմ, եթե, օրինակ, պարոն Քյարամյանն անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով՝ իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը»,- ասել է նա։
Քյարամյանն արդեն զրկվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, իսկ դա Աղազարյանին լրացուցիչ հույսեր է տվել, թե կարող է մինչև վերջ պայքարել ու շանտաժով պահել մանդատը։ Այս օրերին նա հաճույքով գնում է տարբեր ընդդիմադիր ԶԼՄ-ներ հարցազրույցի, որտեղ ակնարկում է, թե որոշ բաներ գիտի քպականների մութ կյանքից։ Ըստ էության, Աղազարյանն էլ որոշել է անցնել Անդրանիկ Քոչարյանի ճանապարհով, ատամներով պահել մանդատը, մինչև տեսնի՝ ինչ է գալիս իր գլխին։
Մարիա Մովսիսյան