Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը
Культура«Չնայած այն հանգամանքին, որ այս տարվա սեպտեմբերին հայկական արմատներով հորդանանցի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) ֆիլմն ընտրվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացման համար, Ադրբեջանը հայտնել է իր մտահոգությունը և անմիջապես հորդանանյան կողմի ուշադրությունը հրավիրել, որ ֆիլմի բովանդակությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,– այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Հակառակ հայկական կողմի հայտարարությունների՝ ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի անկախ որոշման արդյունքում էր, որ ֆիլմը, ի վերջո, չներկայացվեց «Օսկար»-ին, և Հորդանանում դրա ցուցադրությունը դադարեցվեց: Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այս որոշումը»,- նշել է Հաջիզադեն։
«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։