Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը
ПолитикаԳյումրիում «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների և քաղաքապետի զանգվածային հրաժարականներից հետո պարզ է, որ արտահերթ ընտրություններ են լինելու։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն թեկնածու ունի՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, իսկ ընտրությունները որպես փորձադաշտ են դիտարկելու՝ հասկանալու, թե ինչ ռեսուրսներ ունեն, որքանով վարկանիշ ունեն հանրության շրջանում։ Նաև հասկանան, թե ինչ շանսեր ունի, քանի որ Գյումրին միշտ խնդրահարույց է եղել ցանկացած իշխանության համար: Գյումրին սոցիալապես միշտ դեպրեսիոն ռեգիոն է եղել, իշխանության նկատմամբ ունեն որոշակի վերապահումներ։
Ինչ վերաբերում է այսպես կոչված ընդդիմությանը։ Ընդդիմությունը, ինչպես միշտ, անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից։ Սկսվել են որոշակի քննարկումներ, տարբեր ուժեր պատրվակ են փնտրում՝ չմասնակցելու, հայտարարում են, թե վարչական ռեսուրսի պայմաններում անիմաստ է մասնակցել։ Ունենք մի ընդդիմություն, որը փողոց չի ուզում դուրս գալ, նաև չի ուզում մասնակցել քաղաքական գործընթացներին, ընտրություններին։ Եթե էլեկտորալ պրոցեսներին չեն մասնակցում, փողոցում չկան, պարզ չէ, թե ինչի են ընդհանրապես ընդունակ։
Մեր տեղեկություններով, նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը մտադիր է մասնակցել ընտրություններին իր «Մայր Հայաստան» դաշինքով։ Ինչպես մասնակցեց և հարաբերական արդյունքներ ցուցաբերեց Երևանում, այնպես էլ առանձին գծով մասնակցի Գյումրիի ընտրություններին։ Վերջին շրջանում Թևանյանը ցույց է տալիս, որ ռուսների հետ լավ կապերի մեջ է, անգամ Դոնբաս էր այցելել։ Իսկ Գյումրիում ռուսամետ տրամադրությունները միշտ ավելի բարձր են եղել, քան այլ բնակավայրերում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրա հաշվարկը կարող է արդարացված լինել։
Ալիսա Ղուկասյան