Երբ է գալու բաց խոսելու ժամանակը․ Վահե Հովհաննիսյան
ПолитикаՎահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Մենք խուսափում ենք բաց խոսել այն մասին, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները։Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրություններին արդեն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խոսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դեպքում հերթական ընտրություններին նույնպես կարող ենք անպատրաստ լինել։
Մենք հասկանում ենք նաև, որ այս մարդը իրեն նույնացրել է պետության հետ, չի տեսնում իրեն առանց իշխանության, ու բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով փորձելու է մնալ իշխանության։ Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի´ է բերելու այս իշխանության մնալը։ Շատ-շատերը, անգամ սա լավ հասկանալով, անդամագրվել են (բերելով բազմաթիվ «արդարացումներ»)մեծարգոների ենթամշակույթին և նպաստում են երկրի ավերմանը։
Մենք գիտենք, որ հաջող պայքարի, կազմակերպչական լուրջ աշխատանքի համար մեր ռեսուրսները շատ քիչ են, բայց ձև ենք անում, թե հավատում ենք, որ ահռելի ռեսուրսներ ունեցողները իրոք ռեսուրս չունեն։ Մենք գիտենք, որ ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց նույնիսկ այդ հրեշավոր հեռանկարը մեզ չի մոտիվացնում ավելի ազնիվ, ավելի գրագետ ու ավելի վճռական պայքարի։
Հանրային դաշտում առողջացման պրոցեսների մասին կարելի կլինի խոսել այն դեպքում, երբ այս հարցերը սկսեն ակտիվորեն ու բաց քննարկվել։ Քանի դա չկա, մեր իրականության նշանաբանը իներցիան է, ու այստեղ էլ մենք գիտենք, թե դա ինչի է հանգեցնելու։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ