Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Փաշինյանը՝ Փեզեշքիանին
ПолитикаԿազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը: