Պղինձը՝ աշխարհի 6 կրիտիկական ռեսուրսների շարքում
ЭкономикаՄետաղների գների բարձրացումից առավելագույնս օգտվելու համար անհրաժեշտ է վերազինում կատարել գործող հանքերում։ Այդ դեպքում արտադրությունը կդառնա առավել արդյունավետ, շահութաբեր ու թույլ կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել։
Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկը տարեցտարի աճելու է։ Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները պետք է վերազինեն արտադրությունը, նշեց Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերությունների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ աշխարհում հանքարդյունաբերության զարգացումների և մարտահրավերների շուրջ ejc.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Համաձայն տարբեր փորձագիտական գնահատականների, մինչև 2035 թ․ պղնձի համաշխարհային պահանջարկը պետք է կրկնապատկվի․ մի կողմից՝ էլեկտրամոբիլների և վերականգնվող էներգետիկայի ինդուստրիաները պահանջում են ավելի շատ պղինձ՝ հաղորդալարերի և ինվերտորների համար, մյուս կողմից՝ կրճատվելու է հանքերի արտադրանքը։
S&P Global-ը նշում է, որ լավատեսական սցենարի դեպքում պղնձի համաշխարհային դեֆիցիտը կարող է կազմել մինչև 1,5 միլիոն տոննա, հոռետեսականի դեպքում՝ մինչև գրեթե 10 միլիոն: Համեմատության համար նշենք, որ այժմ աշխարհում արտադրվում է տարեկան շուրջ 25 միլիոն տոննա մաքուր պղինձ»։
Ջհանյանը նշեց նաև, որ սրա հետ մեկտեղ, գործող հանքերում կանխատեսվում է պարունակությունների նվազում, իսկ նոր հանքերը (լինեն հաստատված, թե ենթադրվող) սահմանափակ են։ Սրան գումարվում են խոշոր հանքարդյունաբերական երկրներում աշխարհաքաղաքական ռիսկերը։
Անդրադառնալով մոլիբդենի պահանջարկին, նա նշեց, որ Համաշխարհային բանկը դեռևս 2020թ․-ին 30 տարվա հորիզոնում կանխատեսում էր պահանջարկի աճ գրեթե 120% (այսինքն՝ 2,2 անգամ)։ Իսկ Էներգիայի միջազգային գործակալությունը (International Energy Agency) կանխատեսել է պահանջարկի գրեթե 290% (այսինքն՝ 3,9 անգամ) աճ՝ մինչև 2040 թվականը, եթե աշխարհի երկրները նախատեսված տեմպերով անցնեն կայուն (այսինքն՝ վերականգնվող) էներգետիկայի։
Այդպիսի անցման համար կարևորագույնն են համարվում վեց ռեսուրս․ ըստ Համաշխարհային Բանկի, դրանք են պղինձը, կոբալտը, գրաֆիտը, լիթիումը, նիկելը և հազվագյուտ հողային տարրերը (սկանդիում, իտրիում խմբի մետաղները)։ Հավելենք, որ մոլիբդենը կարևոր բաղադրիչ է նաև արևային վահանակների համար»։
«Հայաստանը, բնականաբար, ունի թե՛ պղնձի, թե՛ մոլիբդենի պաշարներ։ Հայաստանի մոլիբդենի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների 1%-ը։ Դա ոչ թե այն պատճառով, որ մեր երկրում քիչ է, այլ, որ աշխարհում այդ պաշարներն ավելացել են»,-ասաց նա։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ
Մեր երկրում արդյունահանվում է տարեկան 30-35 միլիոն տոննա հանքաքար, որից մոտ 20 միլիոնը բաժին է ընկնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ևս մոտ 7-8 միլիոնը` «Թեղուտ» ՍՊԸ-ին, 4-4,5 միլիոնը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, մնացածը՝ մյուս հանքավայրերին։
Մեր երկրում արդյունահանվում է տարեկան 30-35 միլիոն տոննա հանքաքար, որից մոտ 20 միլիոնը բաժին է ընկնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ևս մոտ 7-8 միլիոնը` «Թեղուտ» ՍՊԸ-ին, 4-4,5 միլիոնը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, մնացածը՝ մյուս հանքավայրերին։
Հայաստանի ՀՆԱ-ի համար այդ ոլորտն էական է՝ ապահովելով ՀՆԱ-ի 2-5%-ը՝ կախված մետաղների միջազգային գներից։ Օրինակ, 2021-ին, երբ մետաղների միջազգային գներն աճել էին, այդ մասնաբաժինը հասել էր 5,5%-ի։
Իր մասնաբաժնի համեմատ, ոլորտն ապահովում է գրեթե կրկնակի ավելի հարկեր՝ ընդհանուր մուտքերի 5-11%-ը, բացարձակ թվով՝ միջինում մոտ $250 մլն: 2021-ի մետաղների գների աճի հաշվին, 2022-ին այդ ծավալը գրեթե կրկնապատկվել էր՝ հասնելով մոտ $500 մլն-ի։
«Այս ցուցանիշներն ավելացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գործարկել պատրաստի Ամուլսարի ոսկու հանքը, այլ նաև՝ վերազինում կատարել գործող հանքերում։ Այդ դեպքում արտադրությունը կդառնա արդյունավետ, բավարար շահութաբեր ու թույլ կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել»,-եզրափակեց Վարդան Ջհանյանը։