Թիբո Մենիլո. «Ստեղծելով հնչյուններ զգացմունքների տիեզերքում»
КультураՀոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հայ հանդիսատեսին սպասվում է բացառիկ երաժշտական երեկո: Ֆրանսիացի հայտնի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն կներկայացնի իր նոր` «Զգայական ճամփորդություն» համերգային ծրագիրը։
Թիբո Մենիլոն ֆրանսիացի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր է, ով հայտնի է իր յուրահատուկ երաժշտական ոճով, որը համատեղում է դասական և ջազային երաժշտական ոճերը։ Լինելով հայտնի ֆրանսիացի ջազ դաշնակահար Ռոժե Մենիլոյի թոռը մեծացել է երաժշտական ընտանիքում ժառանգելով և ավելի կատարելագործելով իր երաժշտական ունակությունները: Մենիլոյի ստեղծագործություններում զգալի է ազդեցությունը հայտնի երաժիշտների, ինչպիսիք են Ջոն Կոլթրեյնը, Թելոնիուս Մոնքը, Կիթ Ջարեթը, Չիկ Կորեան և Բիլ Էվանսը։
Նրա կատարումները հարուստ են ոգեշնչման աղբյուրներով, որոնցում դասականը միահյուսվում է ժամանակակից երաժշտության հետ։ Նա յուրահատուկ կերպով կիրառում է դաշնամուրը՝ ստեղծելով իմպրովիզացիոն հնչյուններ, որոնք հանդիսատեսին տանում են զգայական ու հոգևոր ճամփորդությունների։
Թիբո Մենիլոն առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել այս տարվա հունիսի 21-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Մենիլոյի, երաժշտությունը ոչ միայն տեխնիկական վարպետություն է, այլև խոր ու հուզական ներաշխարհի արտահայտություն։ 3 ժամ շարունակ Թիբոն դաշնամուրի միջոցով կարծես ընթերցի հնչյունային տիեզերքը՝ ստեղծելով երաժշտական ճամփորդություն, որի ընթացքում հանդիսատեսն ընկղմվում է իմպրովիզացիոն մեդիտացիայի մեջ։ Նրա երաժշտությունը յուրահատուկ մանիֆեստ է՝ նվիրված տիեզերքի հետ հոգևոր կապին։
Այս համերգը ևս մեկ հնարավորություն է զգալու Մենիլոյի մոգական իմպրովիզացիաները, որոնք հրավիրում են հանդիսատեսին ոչ միայն լսելու, այլ նաև զգալու ու ապրելու երաժշտությունը՝ որպես ներքին ճամփորդություն դեպի նոր զգացմունքներ ու տարածություններ։
Անի Գաբրիելյան