Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են
ПолитикаՔանի ՀՀ իշխանությունները խոսում են Ադրբեջանի պահանջներն անմռունչ կատարելու իրենց մտադրության մասին, Բաքուն այնքան շարունակում է լկտիանալ, նորանոր պահանջներ է ներկայացնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժելու մասին։ «Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։
Օրեր առաջ էլ Իլհամ Ալիևն էր Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել՝ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին»։
Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։
Թե՛ Ալիևի, թե՛ նրա օգնականի հայտարարությունները փաստում են՝ Ադրբեջանն իր պահունակում նոր ու անիրականանալի պահանջներ ունի՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու, ռազմական էսկալացիա սկսելու համար։ Ու որքան ՀՀ իշխանությունները սողան թշնամու առջև, այնքան ՀՀ դիրքերն ավելի են վատանալու։
Էմմա Իսահակյան