Չորս մարզերին 318,8 մլն դրամ կհատկացվի. գերակշիռ մասն ուղղված է Լոռու և Տավուշի մարզերում աղետի վերացմանը
ОбществоԿառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերաբաշխումներ անել Կառավարության մի շարք որոշումներում։
«Մասնավորապես՝ առաջարկում ենք 4 մարզի՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, տարբեր ծրագրերի համար գումար հատկացնել:
Ընդհանուր գումարը 318,8 միլիոն դրամ է: Նախագծերի մեծ մասը ավելի շատ վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերին: Հատկապես աղետից հետո այնտեղ մի շարք անելիքներ կան թե՛ նախագծերի տեսքով, թե՛ բուն շինարարության տեսքով»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսյանն առանձնացրեց Լոռու մարզում հատկացվելիք գումարը, այն է՝ 117,7 մլն դրամ, որը նախատեսվում է ուղղել Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի, երթևեկելի մասի կառուցման նախագծերի փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև աղետից վնասված շենքերի տանիքների, շքամուտքերի, առաջին հարկերի, բակերի վերանորոգմանն ու բարեկարգմանը:
Գումար կհատկացվի նաև Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի, ջրագծերի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Նախատեսվում է գումար հատկացնել նաև Կիրանց բնակավայրի խմելու, ոռոգման ջրի համակարգերի կառուցման նախագծերի, ինչպես նաև Աճարկուտի գյուղամիջի կամրջի պատի կառուցման համար:
Գումար կհատկացվի նաև Գեղարքունիքի մարզում Ճամաբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատի ու փլված կամրջի վերանորոգման համար, ինչպես նաև Մարտունի համայնքի Աստղաձոր ու Զոլաքար ճանապարհների նորոգման համար։