Ի՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ
ПолитикаԱզգային-ժողովրդավարական բևեռը հայտարարել է «Սրբազան շարժումը» լքելու մտադրության մասին։ ԱԺԲ-ն երեկ հավաք և ջահերով երթ է կազմակերպել դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Հավաքի ժամանակ Գարեգին Չուքասզյանն անդրադարձել է «Սրբազան շարժման» հետ ունեցած հարաբերություններին՝ շեշտելով, որ «Բևեռը» մշտապես աջակցել է շարժմանը, սակայն իրենց առաջարկներն անտեսվել են, բազմիցս չեն օգտագործվել ակնհայտ հնարավորություններ, վերջերս ի հայտ են եկել շարժման անընդունելի դրսևորումներ, ուստի այլևս նպատակահարմար չեն գտնում «Սրբազան շարժման» հետ համագործակցությունը։
Թե ինչ անընդունելի դրսևորումներ են, ԱԺԲ-ի ներկայացուցիչը, իհարկե, չի մանրամասնել։ Բայց տևական ժամանակ արդեն ակնհայտ էր, որ ընդդիմադիր շարժման մեջ խնդիրներ կան։ Խոսքը թե՛ արտաքին կողմնորոշումներում առկա տարբերությունն է, թե՛ մասնակից քաղաքական ուժերի սեփական նկրտումները, իրարից տրամագծորեն տարբեր մոտեցումները։ Նաև չի կարելի բացառել իշխանության կողմից որոշ տարրերի ներդրված լինելու հանգամանքը։ Բայց, ամենակարևորը, արմատական և ամուր քայլերի գնալու անկարողությունն էր։
Արդյունքում, հերթական ընդդիմադիր շարժումը գնում է մարման։
Հայաստանում որակապես նոր ընդդիմադիր շարժման կարիք կա՝ նոր ու չվարկաբեկված առաջնորդներով, հստակ քայլերի պատկերացումներով, գործող վարչախմբին այլընտրանք լինելու։ Իսկ մինչ այդ Փաշինյանը դեռ շարունակելու է բզկտել Հայաստանը, քանի դեռ նրա ընդդիմադիրները չեն կարողանում միավորվել մեկ գաղափարի շուրջ։
Անի Համբարձումյան