Լուկաշենկոն որոշել է վերջնականապես փչացնել հայ-բելառուսական հարաբերությունները
ПолитикаՀայ-բելառուսական հարաբերություններում առկա լարվածությունը լրջորեն վնասում է թե՛ ՌԴ հետ հարաբերություններին, թե՛ ՀԱՊԿ-ի աշխատանքին։ Հանուն արդարության, Երևանի և Մինսկի միջև սառեցման գլխավոր մեղավորը հենց Բելառուսի նախագահն է՝ իր չհաշվարկված և կոշտ հայտարարություններով։ Այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները հետ են կանչել դեսպանին, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե ոտք չի դնի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Վերջինս երեկ կրկին փորձել է մեղմել իրավիճակը փոխարենն ավելի մեծ սեպ է խրել։ Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, որ «հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու օգտին»։ «Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ,- ասել է նա և հավելել,- մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ»։
«Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք համագործակցությանն Արևմուտքի, ամերիկացիների հետ, բայց տեսեք նրանց քաղաքականությունը: Վաղն Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին ու նոր (Քամալա Հարիս և այլն) - տեսեք, քաղաքականությունը բոլորովին այլ կլինի: Նրանց սովորությունն է. «Ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում»: «Դուք չգիտե՞ք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել, «Ո՛չ, այդ մենք չէինք»»,- ԱՄՆ-ում հաղորդակցության իր օրինակն է բերել Լուկաշենկոն. «Դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե, ասում եմ, չեք հասկանում, ուրեմն ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ եմ տեսել։ Չի կարելի նրանց վստահել»:
Այս հայտարարություններից հետո դժվար է ենթադրել, թե Բելառուսի նախագահը միամտորեն է վատթարացնում հայ-բելառուսական հարաբերությունները։ Իլհամ Ալիևի հետ ջերմ կապեր պահպանող Լուկաշենկոն միտումնավոր է փչացնում Երևանի հետ հարաբերությունները, նաև նպաստում հայ-ռուսական սառեցմանը։ Ըստ երևույթին, դա էլ Ադրբեջանի հրահանգով։
Լուսինե Ավանեսյան