Զբոսաշրջային ոլորտի նվազումը շարունակվում է
ПолитикаԱմառը շուտով կավարտվի, իսկ զբոսաշրջության ոլորտը լուրջ հարված է ստացել զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով։ 2023 թվականը ռեկորդային է եղել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով։ Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում տեմպը զգալիորեն նվազել է։ Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 946 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 5 հազարի դիմաց։
Ամենամեծ անկումը գրանցվել է այս տարվա հուլիսին։ 2024 թ. հուլիս ամսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ, գրեթե 18 հազարով պակաս, քան նախորդ տարվա հուլիսին։ Ըստ մասնագետների, օգոստոսը ևս բացառություն չի լինելու։ Ու թեպետ 2024 թ. տվյալներն ամսական կտրվածքով գերազանցում են 2022 և նախորդ տարիների ցուցանիշներին, ոլորտի մասնագետները խնդիրներ են մատնանշում, որոնք ազդում են զբոսաշրջության մակարդակի վրա: Իրավիճակը չշտկելու դեպքում ավելի վատ հետևանքներ կլինեն։
Որոշակի նվազում է գրանցվել Ռուսաստանից, որը հիմնական սպառողն է Հայաստանի տուրիստական ծառայությունների։ Պատճառը, իհարկե, «Միր» քարտերը չսպասարկելու հայաստանյան բանկերի որոշումն է։ Զբոսաշրջային տարբեր ընկերություններ որպես նվազման տեմպի պատճառ նշում են նաև հյուրանոցների և ռեստորանների թանկ արժեքը։ Զբոսաշրջիկները նախընտրում են ավելի էժան և հարմար հարևան երկրները։ Արդյունքում, հյուրանոցներն ու ռեստորանները տուժում են, մասամբ նաև իրենց մեղքով։ Բարձր գներ սահմանելով՝ զբոսաշրջիկներ ներգրավելը բարդ է։
Նելլի Վարդանյան