«Արևմտամետ» խաղերն ու հայ-բելառուսական հարաբերությունների փչացումը
ПолитикаՀայաստանի և Բելառուսի հարաբերություններն ավելի ու ավելի են փչանում, իսկ Արևմուտքը և տեղական «ռազլիվի» արևմտամետներն ամեն ինչ անում են դրա համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հայերի հասցեին վիրավորական արտահայտություն էր թույլ տվել՝ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար։
«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - ասել էր Բելառուսի նախագահը։
Պաշտոնական Երևանից որևէ արձագանք մինչ այս պահը չի եղել, փոխարենը, «Հանուն հանրապետության» կուսակցության անդամները երեկ Բելառուսի դեսպանատան շենքի վրա ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ են նետել, կոչ արել վտարել դեսպանին։ Բոլորովին էլ ոչ տարօրինակ կերպով, դեսպանատան անվտանգությունն ապահովող ԱԱԾ ծառայությունից, ինչպես և ոստիկանությունից չեն միջամտել, թեև դա նրանց ուղիղ պարտականությունն է։
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանն օգոստոսի 21-ին հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ։ Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա և հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի: «Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի անվտանգության, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով և ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:
Իրավիճակը բավական նուրբ է նաև ՀՀ իշխանությունների համար։ Ըստ կարգի քրեական վարույթ հարուցելով «արևմտամետներին» ևս մեկ քաղաքական դիվիդենտ կնվիրեն, նաև հնարավորություն ասելու, որ գործող իշխանությունները «բելառուսից ավելի ռուսամետ» են։ Իսկ պատասխանատվության չենթարկելու դեպքում հայ-բելառուսական հարաբերություններն ավելի կփչանան։ Արդյունքում, միակ շահողը լոլիկներ ու ձու շպրտողները եղան։
Դիանա Սարիբեկյան