Երևանի 35-ամյա բնակիչը սուր-կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է հասցրել 50-ամյա տղամարդուն (տեսանյութ)
Մայիսի 10-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Վաղարշ Վաղարշյան փողոցի թիվ 19 հասցեի մոտ ծեծկռտուք է։ Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վիճաբանություն է տեղի ունեցել։ Այդ ընթացքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը։ Բացի այդ, վեճի մասնակիցներից մեկը սուր-կտրող- ծակող գործիքով վնասվածքներ է հասցրել մյուսին։ Տուժողը, որը 50-ամյա տղամարդ է, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Արաբկիրի քրեական հետախույզները, կատարվածի հանգամանքները պարզելուց հետո, 35 տարեկան կասկածվողին, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Ստուգվել է նրա սթափության աստիճանը. Տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։