Հայաստան-ԲՐԻԿՍ ֆորումը` «Дом Москвы»֊ում. Մհեր Ավետիսյանը մանրամասներ է հայտնում
ПолитикаԵրևանում օգոստոսի 8-ին կայանալու է «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ և ՇՀԿ միությունների հետ» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Համաժողովի անցկացման վայրը փոխվում է արդեն երկրորդ անգամ։
«Իմ երկիր, Իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հերթական անգամ, իրենց կամքից անկախ փոխվում է ֆորումի վայրը։ Համաժողովը տեղի է ունենալու հայտարարված օրը, օգոստոսի 8-ին, ժամը 10-ին բայց արդեն Արգիշտի 7 հասցեում, Երևանի քաղաքապետարանի դիմաց «Մոսկվայի տուն» կենտրոնի դահլիճում։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե համաժողովը կայանալու է Հայ-ռուսական պետական համալսարանի հարթակում: Մհեր Ավետիսյանը ներողություն է խնդրել անհարմարության համար, թեպետ իր մեղքը փաստացի բացակայում է։ Առաջիկայում նա խոստանում է անդրադառնալ համաժողովի շուրջ անհեթեթություններին։ Համաժողովի հիմնական նպատակը ԲՐԻԿՍ–ի և ՇՀԿ–ի անդամ երկրների հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի տնտեսական և մարդասիրական կապերի զարգացման հնարավորությունների համապարփակ քննարկման և վերլուծության հարթակի ստեղծումն է:
Կազմկոմիտեում նշել են, որ ավելի քան տասը երկրներից ժամանած մասնակիցներն ու փորձագետները կքննարկեն փոխգործակցության նոր ուղղությունները, համագործակցության խորացման համար համատեղ նախագծերի և ռազմավարությունների ներուժը։
«Իմ երկիր, Իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն ավելի վաղ նշել էր, թե ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովն ընդգծում է Հայաստանի Հանրապետության՝ համաշխարհային տնտեսական հանրակցությանն ակտիվ ինտեգրվելուն և միջազգային մարդասիրական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ձգտումը:
«Միջոցառումը քայլ է համագործակցության հորիզոնների ընդլայնման և երկուստեք զարգացման ու բարգավաճման համար նոր հեռանկարների բացման ուղղությամբ», - ասել էր նա։ Համաժողովի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության բրենդները, որոնք արտահանման ներուժ ունեն: Միջոցառման շրջանակներում կտրվի «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնի աշխատանքների մեկնարկը, որի գործունեությունն ուղղված կլինի միջազգային մակարդակում Հայաստանի Հանրապետության նախագծերի առաջմղմանը: