Տարածաշրջանը եռում է. կլինի՞ նոր պատերազմ
ПолитикаՄերձավոր արևելյան տարածաշրջանը եռում է, Իսրայելն ամեն ջանք գործադրում է լայնածավալ պատերազմ սադրելու համար։ Օրեր առաջ, հիշեցնենք, Թեհրանում պայթյունի հետևանքով սպանվել էր «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
Իրանի հետ նոր պատերազմ սադրելու համար Իսրայելը Հանիեին սպանել էր հենց Թեհրանի սրտում։ Ընդ որում, ըստ որոշ լրատվամիջոցների, ռումբը դեռ շաբաթներ առաջ է տեղադրված եղել բնակելի համալիրի տներից մեկում և գործարկվել է հեռակառավարմամբ։ Այս քայլը լրջագույն հարված է Իրանի իշխանությունների, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղինակությանը. բնակելի համալիրը կորպուսի վերահսկողության տակ է գտնվում։
Գրեթե բոլոր վերլուծաբանները նշում են, որ Իրանը պատասխանելու է։ Հարց է՝ թե ինչպես։ Կգնա՞ արդյոք լայնածավալ հարձակման, թե՞ մի քանի հրթիռ կուղարկի՝ լայն պատերազմ չսկսելով։
Ամերիկյան «Axios» պարբերականի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնավոր կերպով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուից պահանջել է դադարեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և անմիջապես սկսել քննարկել պատանդներին ազատելու և հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը: Նշվում է, որ Բայդենը և նրա օգնականները խորապես հիասթափված են Բեյրութում և Թեհրանում իսրայելական սպանությունների հետևանքներից, որոնք տեղի են ունեցել վերջին չորս տարվա ընթացքում Նաթանյահուի Սպիտակ տուն առաջին այցից մեկ շաբաթ անց: Ըստ թերթի, Բայդենը Նաթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումը, սակայն դրանից հետո նա ակնկալում է, որ Իսրայելի կողմից հետագա էսկալացիա չի լինի։ Բայդենը նաև զգուշացրել է Նաթանյահուին, որ նոր էսկալացիայի դեպքում նա չպետք է հույս դնի ԱՄՆ օգնության վրա։ Ամերիկյան պարբերականի այս հրապարակումն ավելի շուտ նպատակ ունի զսպել Իրանին, հանդարտեցնել կրքերը։ ԱՄՆ-ը հրաշալի հասկանում է, որ լայնածավալ պատերազմը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ընդհուպ վերաճել 3-րդ աշխարհամարտի։ Իսկ մեր տարածաշրջանում պատերազմի սկսվելու դեպքում ամենածանր հարվածները ստանալու են փոքր և թույլ պետությունները։
Աննա Անտոնյան