Գրաքննությունը Հանրային ռադիոյում սաստկանալու է
МеждународноеՀանրային ռադիոյի շուրջ զարգացումները դեռ երկար հանգիստ չեն թողնելու հանրային կյանքը։ Հիշեցնենք, օրերս Հանրային հեռարձակողի խորհուրդը երկրորդ փորձից ռադիոյի տնօրեն ընտրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, վերջին 28 տարում արտերկրում բնակվող և ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանին, իսկ վերջին վեց տարում ռադիոյի տնօրեն աշխատած Գարեգին Խումարյանից ազատվեցին։ Պատճառը, ինչպես և պարզ էր ի սկզբանե գրաքննությունն էր, որ վարչախումբը փորձում էր ներդնել հանրային ռադիոյում։
Գարեգին Խումարյանը հայտարարել էր, թե 2021 թ. խորհուրդն «անպարկեշտ առաջարկություն» է արել՝ գրաքննության մասին․ Խորհուրդը նախօրեին հրապարակել է իր իսկ նամակը՝ ուղղված հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրենին։ Նույնիսկ իրենց կյանքում գրաքննության բազմաթիվ դեպքեր տեսած մասնագետների համար այդ նամակի գոյությունն ու բովանդակությունը կարելի է շոկ համարել։
Սևով սպիտակի վրա՝ Արա Շիրինյանը Գարեգին Խումարյանից պահանջում էր հրաժարվել օբյեկտիվ լրատվությունից, ազատվել անհնազանդ կադրերից։ Խորհուրդն, օրինակ, պնդել է սահմանամերձ բնակավայրերից լրագրողների նյութերը խուճապի և անկառավարելիության տրամադրություններ են ստեղծում, ընդ որում, եթե անգամ դրանք օբյեկտիվ են։
Նյութերն, ըստ կարգավորող մարմնի, արհեստականորեն սրել են ներքաղաքական իրավիճակը, խաթարել հասարակական կայունությունն ու թուլացրել սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։
Այժմ հանրային ռադիոն նոր տնօրեն ունի. վստահաբար կարելի է ասել, որ գրաքննության նոր ալիք է բարձրանալու, անհնազանդ լրագրողներին և աշխատակիցներին ազատելու են, իսկ հանրային ռադիոն վերածելու են հանրային հեռուստատեսության կրկնօրինակի, որտեղ վաղուց այլևս օբյեկտիվ լրատվության նշույլ գոյություն չունի։
Սերինե Գալոյան